Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Առաջադիմություն են գոռում, բայց անընդհատ հետ-հետ են գնում»

«Առաջադիմություն են գոռում, բայց անընդհատ հետ-հետ են գնում»
10.10.2013 | 13:56

Մինչև գրողների միության արտահերթ համագումարը հաշված օրեր են մնացել: Քննարկվելու է ՀԳՄ նախագահի ընտրության հարցը: Այսօր արդեն շրջանառվում են հավանական թեկնածուներից մեկ-երկուսի անունները: Նախագահի իրենց թեկնածուին են առաջադրելու նաև երիտասարդ գրողները: Թեև խոսվում է մի քանի անունների մասին, մեզ հետ զրույցում գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ չժխտեց, որ երիտասարդ գրողներն առաջարկելու են իր թեկնածությունը: «Այսքան ժամանակ միասին աշխատել ենք, լավ գիտեն իմ կարողությունը, ես` իրենցը, և հավատացեք, որ, ըստ այդմ, կար աշխատանքի բաժանում` ով ինչ պետք է անի, ամեն ինչ իմ անվան հետ չի կապվում, ուղղակի ավելի հանրային եմ, ավելի շատ են ինձ ճանաչում»,- ասաց նա, նշեց նաև, որ 4-5 տարվա աշխատանքով ապացուցել են, որ կարող են լավ աշխատել` առանց միության վարչական լծակներն ունենալու:

«Թող ուսումնասիրեն միության և մեր` մի քանի երիտասարդների աշխատանքը ու տեսնեն` գրականության համար մե՞նք ենք շատ գործ արել, թե՞ իրենք: Բայց պարզվում է, գրականությունն իրենց համար մեկ է, իրենք որդեգրել են խորհրդային ժամանակներից եկած հոգեբանությունը, Պարոնյանի ասած` առաջադիմություն են գոռում, բայց անընդհատ հետ-հետ են գնում: Խոսքը թեկնածուների մասին չէ, այլ գրողների միության անդամների մտածողության»:
Հաշվի առնելով բոլոր զարգացումները, տեսնելով, որ, ըստ էության, ոչինչ չի փոխվում գրողների միությունում, երիտասարդ գրողները վճռել են չառաջադրել թեկնածություն: Նրանց դիտարկմամբ` մեր գրողները (խոսքը 90 տոկոսի մասին է) պատրաստ չեն դրական քայլերի, զարգացումների: Նկատում են, որ մրցում են ոչ թե ծրագրերը, առաջադիմությունը, հետադիմությունը, այլ անհատները. մեկը փորձ ունի, մեկը` լծակներ և այլն: Հավատացնում են, որ ինչպես մինչև հիմա ծառայել են գրականությանը` առանց լծակների, առանց ֆինանսական միջոցների, շարունակելու ենք աշխատել, դա իրենց կյանքն է, իրենց աշխատանքը:
Ինչ հավանականությո՞ւն կա ընտրվելու, եթե գրողների միությունում երիտասարդները մեծ թիվ չեն կազմում: Ա. Նիկողոսյանը հստակեցրեց, որ երբ ասում են երիտասարդ, նկատի ունեն ոչ թե 25-30 տարեկան գրողներին, այլ մտածողությունը, թարմությունը և նոր բան բերելու պատրաստականությունը:
Գրողների տանը հրավիրված ասուլիսի ժամանակ Էդուարդ Միլիտոնյանը բացասաբար արտահայտվեց գրողական ընտանիքում տեղ գտնող խմբակայնության դրսևորումների մասին:
«Թիմ ունենալը վա՞տ բան է: «Թայֆա» բառն են գործածում, կա լավ թայֆա, կա վատ թայֆա: 50 միջակ գրողների թայֆան, բնականաբար, վատ թայֆա է, եթե հավաքվել են 10 լավագույնը, լա՞վ թայֆա է, թե՞ վատ»,- ասաց Ա. Նիկողոսյանը:
Հարցրի` հնարավոր է որ հետայսու ավելի սրվի հակամարտությունը, որ նկատվում է ավագ և երիտասարդ սերնդի գրողների միջև:
«Մեր գործունեության մեջ հակա բան չկա, մենք հանունի կողմնակիցն ենք, մենք առաջադրելով մեր թեկնածուին, շրջանառեցինք, որ կա նոր գաղափարի ալիք, դրանով ավելի բարձրացրինք գրողների միությունը: Մեր նպատակը ոչ թե աթոռն է եղել, ոչ թե փող աշխատելը, այլ միմիայն գրականությունը, մեր ամբողջ գործունեությունը վկա,- ասաց գրաքննադատը:- Ի վերջո, մենք ենք ապագան միության` այսօր, թե վաղը»:
Ավագները հիշեցնում են, որ գրողների միությունում են ձևավորվել երիտասարդ գրողները:
«Եթե նույնիսկ այդպես է, այսօր ավելի շատ գրողների միությունը մեր կարիքն ունի, քան մենք իրենը»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ